Աշխատաժողով
9 06 2022 | Նորություններ
Ինստիտուտի տնօրեն Է. Օրդուխանյանը ս/թ. հունիսի 6-8-ը Թբիլիսիում մասնակցեց <<Կիբերգողության կանխարգելումն ակադեմիական շրջանակներում >> խորագրով աշխատաժողովին:
Աշխատաժողովը կազմակերպված էր CRDF Global-ի, ԱՄՆ Պետական դեպարտամենտի և Ամերիկյան մշակույթի կենտրոնի կողմից և նախատեսված էր ակադեմիական և հետազոտական գծով պատասխանատուների, ղեկավարների, ֆակուլտետի աշխատակիցների, տեղեկատվական տեխնոլոգիաները սպասարկող անձնակազմի և կիբերանվտանգության փորձագետների համար, ովքեր ցանկանում էին բարելավել և ընդլայնել կիբերանվտանգության ոլորտում իրենց կարողությունները: Աշխատաժողովը նախատեսված էր կիբերսպառնալիքների մասին արդիական գիտելիքներ փոխանցելու և այդ սպառնալիքներին դիմակայելու հմտություններ հաղորդելու համար: Ներկայացվեցին գործիքներ և մեթոդներ կիբերանվտանգության մակադակները գնահատելու, վերահսկողության ու պաշտպանության արդյունավետ իրագործումն ավելի դյուրին դարձնելու համար: Այս գիտական միջոցառումը բաղկացած էր նաև գործնական առաջադրանքներից, որոնցում կիրառվում էին տեղեկատվական ակտիվների, սպառնալիքների և խոցելիության մասին ընդհանուր գիտելիքներ՝ կոնկրետ կազմակերպչական խնդիրների լուծման նպատակով:
Քննակված բազմաթիվ հարցերի շրջանակներում ուշադրության արժանացան նաև ինստիտուտի տնօրեն Է. Օրդուխանյանի՝ արդի աշխարհակարգի վերաձևման գործընթացում կիբերտարածության կարևորության և ուժերի հաշվեկշռի ճշգրտման համատեքստում տեղեկատվական և կիբեր պատերազմների դերի և նշանակության մասին հարցերը՝ հաշվի առնելով տարատեսակ զարգացումները Մերձավոր Արևելքում, Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում:
Աշխատաժողովի ամբողջ ընթացքում մասնակիցների հետ իր արհեստավարժ մասնագիտական հմտություններով կիսվեց և դասախոսություններով հանդես եկավ Ամերիկյան Համալսարանի (Վաշինգտոն) դոկտոր, պրոֆեսոր Էրիկ. Ջ. Նովոտնին:
Որպես աշխատաժողովի վերջնարդյունք՝ կարելի է առանձնացնել ակադեմիական շրջանակներում կիբերտարածության և դրանից բխող մարտահրավերներին պատշաճ արձագանքելու համար նոր հմտությունների ձեռքբերումը, որոնք էլ, իրենց հերթին, հորիզոններ և հեռանկարներ կբացեն ակադեմիական արդի հետազոտությունների համար: