Տնօրենի ընտրություն
7 05 2022 | Նորություններ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը
Ս.թ. մարտի 30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Էմիլ Օրդուխանյանը:
Էմիլ Օրդուխանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի բյուրոյի կողմից: ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից առաջադրվել է ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ջիջյանի թեկնածությունը: ՀՀ ԳԱԱ նախագահության 14 անդամների փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց Էմիլ Օրդուխանյանը՝ 9 կողմ, 3 դեմ ձայներով: Անահիտ Ջիջյանը ստացավ 3 կողմ, 9 դեմ ձայն: 2 քվեաթերթիկ անվավեր էր:
Էմիլ Օրդուխանյանը ծնվել է 1985թ-ին: 1991-2001թթ-ին սովորել է թիվ 119 Ժամկոչյանի անվան միջնակարգ դպրոցում: 2001-2006թթ-ին սովորել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, ստացել քաղաքագետի, ֆրանսերենի մասնագետի որակավորում, 2006-2009թթ-ին նույն համալսարանում շարունակել է ասպիրանտուրան՝ ռոմանական լեզուներ մասնագիտությամբ: Զուգահեռ եղել է հայցորդ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում:
2007-2018թթ-ին դասախոսել է Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ֆրանսերենի ամբիոնում, 2009-2016թթ-ին՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոններում, 2013թ-ից մինչ օրս՝ Մխիթարյան Միաբանության կրթահամալիրում՝ որպես հասարակագիտության դասախոս և ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես քաղաքագիտության, քաղաքական կառավարման, միջազգային հարաբերությունների ամբիոնների դասախոս: 2020-2021թթ-ին դասախոսել է Շիրակի պետական համալսարանի քաղաքագիտության ամբիոնում, 2012-2020թթ-ին՝ Երևանի պետական համալսարանի Քաղաքական գիտության տեսության և պատմության ամբիոնում, 2014թ-ից մինչ օրս՝ UNESCO-ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ամբիոնում: 2009-2014թթ-ին եղել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական քարտուղարը, իսկ 2009թ-ից մինչ օրս ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող է:
Էմիլ Օրդուխանյանը 8 մենագրության, որից 6-ը համահեղինակությամբ, 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, որից 1-ը համահեղինակությամբ, և ավելի քան 40 ակադեմիական հոդվածների հեղինակ է:
Էմիլ Օրդուխանյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի զարգացման ծրագիրը, որը ներառում է կարիքների գնահատում և կարողությունների զարգացում, կառուցվածքային փոփոխություններ՝ հիմնարար գիտական ուղղություններով թեմաների վերանայում և արդիականացում, արդյունավետության գնահատման չափորոշիչներ, առաջատար գիտական նվաճումների հասանելություն, երիտասարդ գիտաշխատողների առաջխաղացում:
Ինստիտուտի գիտական արդյունքների բարելավման և միջազգայնացման նպատակով Էմիլ Օրդուխանյանը խոստանում է ներդնել աջակցման և խրախուսման մեխանիզմներ՝ միջազգային առաջատար գիտաչափական շտեմարաններում տպագրությունների համար: Նաև նախատեսվում է արտասահմանում բնակվող ու գործող հայազգի գիտնականների տվյալների շտեմարանի կազմում, հայազգի պրոֆիլային գիտնականների հետ համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ, որպես նորընտիր տնօրեն, Էմիլ Օրդուխանյանը պետք է կառուցողական և թիմային աշխատի ինստիտուտի աշխատակազմի հետ: